«Ոչ ոք ապահով չէ, քանի դեռ բոլորն ապահով չեն». ԵՄ-ն պատվաստանյութերի բաշխման մեխանիզմ կստեղծի գործընկեր երկրների համար

22-01-2021
Photo: European Union
Photo: European Union

Եվրոպական հանձնաժողովը գործարկում է Team Europe մեխանիզմն՝ անդամ պետությունների կողմից գործընկեր երկրների համար նախատեսված պատվաստանյութերի բաշխումը կազմակերպելու համար՝ հատուկ ուշադրություն դարձնելով Արևելյան և Հարավային հարևանությանը, Արևմտյան Բալկաններին ու Աֆրիկային:

Այս միջոցառումը Եվրոպական հանձնաժողովի «COVID-19-ին հաղթելու միասնական ճակատ» հաղորդագրության մեջ շարադրված մի շարք գործողություններից մեկն է, որն ընդունվել է հունվարի 19-ին՝ կորոնավիրուսային ճգնաժամին համակարգված արձագանքելու ուղղությամբ եվրոպական առաջնորդների հանդիպումից երկու օր առաջ:

Պատվաստանյութերի բաշխման մեխանիզմը հանդես կգա որպես հարցումների ընդունման և սկզբնական չափաբաժինների մատակարարման միասնական կետ: Ենթադրվում է, որ դա կիրականացվի անվտանգ և արդյունավետ պատվաստանյութերի հավասար և արդարացի հասանելիության ապահովման համաշխարհային նախաձեռնության՝ COVAX-ի միջոցով: Թվերը կավելանան պատվաստանյութերի պաշարների ավելացմանը զուգահեռ, ինչպես նաև՝ քանի դեռ COVAX-ն ի վիճակի կլինի բավականաչափ մեծ ծավալներ մատակարարել անմիջապես ընկերություններից:

«Համերաշխության այս աննախադեպ դրսևորումը պետք է ուղեկցվի եվրոպացիների հետ անմիջական շփմամբ և գործընկեր երկրներում հատուկ տեղեկատվական արշավով, որպեսզի պարզաբանվի այն սկզբունքը, որ ոչ ոք ապահով չէ, քանի դեռ բոլորն ապահով չեն», - ասված է հաղորդագրության մեջ:

Team Europe-ն ի աջակցություն COVAX-ի արդեն իսկ հավաքել է 853 միլիոն եվրո՝ ԵՄ-ն դարձնելով վերջինիս խոշորագույն դոնորը:

Եվրոպական հանձնաժողովն անդամ պետություններին կոչ է անում արագացնել պատվաստումների տարածումը ԵՄ ողջ տարածքում՝ նպատակ ունենալով մինչ 2021 թվականի ամառ պատվաստել չափահաս բնակչության առնվազն 70%-ին:

«Այժմ մենք պետք է արագացնենք պատվաստանյութերի մատակարարումն ու հենց պատվաստումների իրականացումը», - հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ հավելելով. «Մեր նպատակն է, որպեսզի ամառվա դրությամբ պատվաստված լինի մեր չափահաս բնակչության 70%-ը: Դա կարող է շրջադարձային լինել այս վիրուսի դեմ մեր պայքարում: Այնուամենայնիվ, մենք այս համավարակին վերջ կդնենք միայն այն ժամանակ, երբ աշխարհում բոլորի համար պատվաստանյութերը հասանելի դառնան: Մենք կավելացնենք մեր ջանքերն` օգնելու պատվաստանյութեր ապահովել մեր հարևանների և ամբողջ աշխարհում մեր գործընկերների համար»:

Հանձնաժողովն անդամ պետությունների հետ կշարունակի աշխատել պատվաստումների հավաստագրման ուղղությամբ, որոնք կարող են ճանաչվել և օգտագործվել ԵՄ-ի առողջապահական համակարգերում` լիովին համապատասխանելով ԵՄ տվյալների պաշտպանության մասին օրենքին, և Առողջապահության համաշխարհային կազմակերպության հավաստագրման համակարգերի միջոցով կտարածվեն ամբողջ աշխարհում: 2021 թվականի հունվարի վերջի դրությամբ պետք է համաձայնեցվի ընդհանուր մոտեցում, որը թույլ կտա անդամ պետությունների հավաստագրերն արագորեն օգտագործել ԵՄ-ի և դրա սահմաններից դուրս գործող առողջապահական համակարգերում:

Եվրոպական հանձնաժողովը նաև առաջարկում է խստորեն սահմանափակել բոլոր ոչ կարևոր ճանապարհորդությունները, քանի դեռ համաճարակաբանական իրավիճակը զգալիորեն չի բարելավվել, ինչպես նաև ձեռնարկել համաչափ միջոցներ, ներառյալ համաճարակաբանական առումով ավելի մտահոգիչ տարածաշրջաններից ժամանող ճանապարհորդների թեստավորումը:

Իմանալ ավելին

Մամուլի հաղորդագրություն