Մեկնարկեց «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման»  ծրագիրը

19-03-2021
Photo: European Union
Photo: European Union

Մարտի 12-ին Հայաստանում մեկնարկեց «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման» (LEAD) ծրագիրը։ Ծրագիրը կիրականացվի ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ), ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ), Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) և Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ՄՔՄՄԿ) հետ գործընկերությամբ։

LEAD ծրագրի նպատակն է ներառական և կայուն սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված նախաձեռնությունների իրականացմամբ նպաստել Հայաստանի հյուսիսային երեք մարզերում կյանքի որակի բարելավմանը: Ծրագրի արդյունքները բխում են 2021 թվականի մարտի 1-ից ուժի մեջ մտած ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) առաջնահերթություններից։

«Անբարենպաստ տարածքների զարգացման և համագործակցության շեշտադրմամբ տարածքային զարգացումը ՀԸԳՀ առաջնահերթությունների թվում է»,- նշել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

14.6 միլիոն եվրո բյուջե ունեցող 4-ամյա LEAD ծրագիրը բաղկացած է երեք ենթածրագրերից: «Տեղական դերակատարների զորեղացում հանուն Շիրակի մարզի զարգացման» (LEAD4Shirak) ծրագիրը, ինչպես նաև «Տեղական դերակատարների զորեղացում հանուն Լոռու և Տավուշի մարզերի զարգացման» ծրագիրը (LEAD4Lori and Tavush) կենտրոնանալու են Եվրոպական միությունում լայնորեն կիրառվող գյուղական զարգացման LEADER մեթոդաբանությունը Հայաստանում տեղայնացնելու վրա: Այս փորձված մոտեցումը կիրառվում է վերհանելու և աջակցելու համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը նպաստող նախաձեռնությունների իրականացմանը՝ մեկտեղելով տեղական իշխանությունների, մասնավոր հատվածի ու քաղհասարակության դերակատարների ջանքերը:

«ԵՄ-ն հանուն միգրանտների ներուժի օգտագործման՝ ի նպաստ Հայաստանի զարգացման» (EU4IMPACT) ծրագիրն ուղղված է հայաստանցի աշխատանքային միգրանտների, վերադարձող միգրանտների և նրանց ընտանիքների անդամների զորեղացմանը՝ արտերկրից դրամական փոխանցումների մոբիլիզացման և Հայաստանում տեղական զարգացման ու աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ ներդրումների իրականացման միջոցով։

Ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվի առնվազն 250 նոր աշխատատեղ, աջակցություն կստանա 160 գյուղական բիզնես և կֆինանսավորվի միգրանտների ընտանիքների կողմից իրականացվող 150 բիզնես նախաձեռնություն, առնվազն 500 շահառու կստանա ուսուցում՝ սեփական գործ սկսելու և բիզնեսի կառավարման վերաբերյալ: Ընդհանուր թվով ավելի քան 9000 շահառու կներգրավի ծրագրի շրջանակներում իրականացվելիք միջոցառումներում:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն