Հայաստանը COVAX նախաձեռնության միջոցով ստացավ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին խմբաքանակը

02-04-2021
Photo: European Union
Photo: European Union

Մարտի 28-ին Հայաստանը COVAX նախաձեռնության միջոցով ստացավ 24,000 չափաբաժին AstraZeneca պատվաստանյութ:

Պատվաստանյութի առաջին խմբաքանակի առաքումը կատարվեց ԵՄ-ԱՀԿ համատեղ նախաձեռնության մեկնարկից վեց շաբաթ անց։ Այն ընդգրկում է պատվաստումների ծրագրի բոլոր փուլերը՝ COVID-19 պատվաստանյութերի տեղաբաշխումից մինչև պատվաստումներ: Team Europe-ն՝ ի դեմս Եվրոպական միության, նրա անդամ երկրների և ֆինանսական հաստատությունների, COVAX նախաձեռնությանն օժանդակել է ավելի քան 2,2 միլիարդ եվրոյով։ Ընդամենը վերջերս էլ Գերմանիան հանձն է առել տրամադրել ևս 900 միլիոն եվրո։

Պատվաստանյութերի առաքման առթիվ՝ Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը հայտարարել է «Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի աճը հաշվի առնելով՝ պատվաստանյութերի առաքումը կարևոր դրական զարգացում է։ Մենք կշարունակենք աջակցել Հայաստանի Հանրապետության ջանքերին՝ ուղղված վարակվածների թվի կրճատմանը և կյանքեր փրկելուն»։

«COVID-19-ի տարածումը շարունակվում է, և հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքներն ու բուժաշխատողները մեծ ծանրաբեռնվածությամբ են աշխատում: Պատվաստանյութերը կարևոր նոր գործիք են։ Անշուշտ, COVAX նախաձեռնության նպատակն է՝ նպաստել ամբողջ աշխարհում համավարակի սուր փուլի հաղթահարմանը` արդար հիմունքներով տրամադրելով անվտանգ և արդյունավետ պատվաստանյութերի չափաբաժիններ», - նշել է Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Եգոր Զայցևը։

Այս առաքումն իրականացվել է ապրիլի 24-ից 30–ը կայանալիք իմունիզացիայի համաշխարհային շաբաթվա շրջանակում, որը կընթանա սոցիալական ցանցերում՝ #VaccinesWork (#Պատվաստումնաշխատումէ) հեշթեգով։

Հասարակությանը COVID-19-ի վերաբերյալ ճշգրիտ և հասկանալի տեղեկատվություն հրամցնելու համար ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ԱՀԿ-ն գործարկում են նաև HealthBuddy+ հավելվածի հայերեն տարբերակը՝ հանրությանը COVID-19-ի հետ կապված տարատեսակ փաստերի, այդ թվում՝ պատվաստումների մասին իրազեկելու, ինչպես նաև՝ բամբասանքներին և ապատեղեկատվությանն անդրադառնալու համար:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն