Համագործակցություն հանուն սոցիալական ազդեցության. ԵՄ նոր ծրագիրն աջակցում է Արևելյան գործընկերությունում սոցիալական ձեռներեցության զարգացմանը

26-03-2021
Photo: European Union
Photo: European Union

ԵՄ ֆինանսավորմամբ մեկնարկում է նոր ծրագիր, որն ուղղված է Արևելյան գործընկերության երկրներում և Ռուսաստանում սոցիալական ձեռներեցության համար առավել բարենպաստ էկոհամակարգի զարգացմանը նպաստելուն:

5 միլիոն եվրո բյուջեով «Համագործակցություն հանուն սոցիալական ազդեցության» ծրագիրն իրագործվում է Եվրոպական վենչուրային մարդասիրության ասոցիացիայի (ԵՎՄԱ) կողմից, որը Եվրոպայում շահույթ չհետապնդող լավագույն կազմակերպություններից է վենչուրային մարդասիրության և սոցիալական ներդրումների ոլորտում։

Ծրագիրը կնպաստի իրազեկության բարձրացմանը, կխթանի սոցիալական նորարարությունները և կաջակցի համապատասխան շահագրգիռ կողմերի հետ փոխանակումներին՝ տարածաշրջանում սոցիալական ներդրողների և սոցիալական ձեռներեցների ավելացման ու համագործակցության ամրապնդման համար:

Ակնկալվում է, որ ծրագրում առաջիկա հինգ տարիներին ավելի քան 300 քաղաքացիական հասարակության կազմակերպություններ և սոցիալական ձեռնարկություններ կներգրավվեն:

Ծրագիրը ներառում է Հայաստանին ուղղված երկու հատուկ բաղադրիչ՝ 2 միլիոն եվրո բյուջեով: Հայաստանյան գործողությունները կկենտրոնանան հեռանկարային սոցիալական բիզնես գաղափարների ինկուբացիայի և աքսելերացիայի ուղղությամբ խորհրդատվության ու աջակցության, ինչպես նաև հայկական վենչուրային մարդասիրության ֆոնդի ստեղծման վրա` Հայաստանի ամբողջ տարածքում սոցիալական ձեռներեցությունը խթանելու համար:

Հայաստանում առաջին խոշոր քայլը ԵՄ աջակցությամբ COVID-19 օգնության ֆոնդն է, որը նախատեսված է սոցիալական ձեռնարկությունների համար։ Դրա շրջանակներում հայտադիմումների ընդունման մեկնարկի մասին կհայտարարվի շուտով։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

Ծրագրի մեկնարկը Հայաստանում