Եվրոպական միությունը մեկնարկում է երկու ծրագիր՝ ուղղված Հայաստանում շրջակա միջավայրի պաշտպանության բարելավմանը

26-03-2021
Photo: European Union
Photo: European Union

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հայտարարել է շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում ԵՄ կողմից ֆինանսավորվող երկու նոր ծրագրերի մեկնարկի մասին:

«ԵՄ-ը շրջակա միջավայրի համար. Կանաչ համայնք, դիմակայուն ապագա» ծրագիրը, որն իրականացվում է Armenia Tree Project-ի գլխավորած կոնսորցիումի կողմից, կնպաստի կանաչ քաղաքաշինության ու կանաչ էներգիայի լուծումների ներդրմանը: Առաջիկա 3 տարիներին ծրագիրը նախատեսում է հիմնել տնկարաններ` Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի 15 համայնքներում իրականացվելիք կանաչապատման նախաձեռնությունների համար տնկիներ մատակարարելու և 458,000 ծառ տնկելու համար: Բնության պահպանությանը միտված վարքագիծ խրախուսելու համար թիրախային համայնքներում 7000 դպրոցականներ կվերապատրաստվեն և կներգրավվեն բնապահպանական կրթության, իրազեկության բարձրացման արշավների, էկոակումբների, էկոճամբարների և ողջ երկրով մեկ իրականացվելիք աղբի մաքարման ամենամյա նախաձեռնություններում:

Քաղաքային կայուն կառավարման և կլիմայի փոփոխության նկատմամբ հարմարվողականության  բարձրացմանն ուղղված մեկ այլ լայնամասշտաբ ծրագիր է իրականացվելու «Տեղական ինքնակառավարման մարմիններ. համագործություն հանուն կայուն քաղաքների 2020» հայտամրցույթի շրջանակներում։ «Դաշինք՝ հանուն կանաչ և կայուն կառավարման» ծրագիրը կաջակցի Վանաձորի և Գյումրիի քաղաքապետարաններին ավելի կանաչ միջավայր ստեղծելու իրենց քաղաքացիների համար: Ծրագրի աջակցությամբ առաջիկա 3 տարիների ընթացքում կշահագործվեն 10 ժամանակակից և էկոլոգիապես մաքուր ավտոբուսներ, կգործարկվի պլաստիկ թափոնները շինանյութի վերածող երկու կայան, կտեղադրվեն 700 աղբարկղ` տնային տնտեսությունների թափոնները տեսակավորելու նպատակով։ Առաջիկա երեք տարիներին երկու համայնքներում կներդրվեն նաև աշխարհագրական տեղեկատվական համակարգեր՝ շրջակա միջավայրի կառավարման, մոդելավորման ու պլանավորման համար: Ծրագիրն ունի նաև հանրային իրազեկության բարձրացման բաղադրիչ և խթանելու է վարքագծի փոփոխություն այնպիսի ոլորտներում, ինչպես օրինակ թափոնների տեսակավորումն ու վերամշակումը:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն