Եվրոպական կրթական հիմնադրամը երկարացնում է կանաչ անցման գործում հմտությունների դերը ներկայացնող հայտերի ընդունման վերջնաժամկետը

02-04-2021
Photo: European Union
Photo: European Union

Եվրոպական կրթական հիմնադրամը (ԵԿՀ) երկարացրել է կանաչ անցման գործում հմտությունների դրական դերակատարության առաջավոր փորձի օրինակների մրցույթի վերջնաժամկետը, որը ԵՄ հարևանության տարածքում և այլուր գաղափարների ու ոգեշնչման աղբյուր կծառայի կրթության և ուսուցման ոլորտի քաղաքականություն իրականացնողների ու պրակտիկ մասնագետների համար։

«Կանաչ անցում. կրթություն, ուսուցում և հմտություններ» խորագրով մրցույթը նպատակ ունի հավաքել պատմություններ այն մասին, թե ինչպես են կրթությունը, ուսուցումը և հմտությունների զարգացումը նպաստում անցմանը՝ դեպի կայուն, մաքուր, ածխածնապես չեզոք շրջանաձև տնտեսություններ ու հասարակություններ:

Բոլորին, ովքեր ունեն հետաքրքիր պատմություններ, հրավիրում ենք կիսվել դրանցով։ Օրինակ՝ ստորև նշվածներին վերաբերող հաջողության պատմություններով.

  • Ձեռնարկություններ, որոնք ներդնում են կանաչ տեխնոլոգիաներ և արտադրական գործընթացներ ու դրանց կիրառման համար զարգացնում են իրենց անձնակազմի հմտությունները
  • Կրթական ծառայություն տրամադրողներ, որոնք ուսուցիչներին և դասընթացավարներին զինում են շրջակա միջավայրի խնդիրների ու կանաչ տեխնոլոգիաների վերաբերյալ ժամանակակից գիտելիքներով.
  • Ոլորտներ և ճյուղեր, որոնք ներդնում են բնապահպանական հմտությունների զարգացմանն ուղղված ուսումնական չափորոշիչներ և դասընթացներ.
  • Պետական և մասնավոր հաստատություններ, որոնք ներգրավված են շրջակա միջավայրի իրազեկման ծրագրերի մշակման գործընթացում՝ իրենց գործողությունները համակարգելով տարբեր նախարարությունների և պետական մարմինների հետ.
  • Զբաղվածության պետական ծառայություններ, որոնք աշխատանքի տեղավորումը համատեղում են վերապատրաստման դասընթացների հետ և նպաստում են կանաչ բիզնեսի հնարավորությունների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը
  • Դպրոցներ, որոնք որդեգրել են էկոլոգիապես մաքուր դառնալու ճանապարհ
  • Պետություն – մասնավոր գործընկերություններ, որոնք աշխատանք են տանում կանաչ զարգացման ուղղությամբ։

Լավագույն պատմությունները կներկայացվեն ԵԿՀ-ի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համատեղ կազմակերպած խոշոր միջազգային համաժողովում, որը կայանալու է սթ հունիսի 21-ից 25-ը:

Հայտերը կարելի է ներկայացնել մինչև 2021 թվականի ապրիլի 7-ը՝ անգլերեն, ֆրանսերեն և ռուսերեն լեզուներով։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն