ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը մտնում է ուժի մեջ

04-03-2021
Photo: European Union
Photo: European Union

2021թ. մարտի 1-ից ուժի մեջ կմտնի Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ)։ Այն արդեն վավերացվել է Հայաստանի Հանրապետության, բոլոր ԵՄ անդամ պետությունների և Եվրոպական խորհրդարանի կողմից։

Համաձայնագրի դրույթներով ամրագրվում Է Եվրոպական միության և Հայաստանի միջև փոխգործակցության ոլորտների լայն շրջանակը, այդ թվում` ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի ամրապնդումը, ավելի շատ աշխատատեղերի և գործարար հնարավորությունների ստեղծումը, օրենսդրության կատարելագործումը, հանրային անվտանգության և ավելի մաքուր շրջակա միջավայրի ապահովումը, ինչպես նաև ավելի լավ կրթության և հետազոտական հնարավորությունների ապահովումը։ Այս երկկողմ օրակարգը միաժամանակ նպաստում է ԵՄ-ի՝ Արևելյան գործընկերության շրջանակում Արևելյան հարևանության երկրների հետ հարաբերությունները խորացնելու և ամրապնդելու նպատակին:

«Մեր՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն ուժի մեջ է մտնում  այնպիսի պահի, երբ Հայաստանը կանգնած է լուրջ մարտահրավերների առջև՝ հաղորդելով ուժեղ ազդակ առ այն, որ ԵՄ-ը և Հայաստանը հավատարիմ են ժողովրդավարական սկզբունքներին և օրենքի գերակայությանը, ինչպես նաև բարեփոխումների ավելի լայն օրակարգին: Համաձայնագրի նպատակն է՝ քաղաքական, տնտեսական, առևտրի ոլորտային ուղղություններով նպաստել Հայաստանի բարեփոխումների օրակարգի հետ կապված մարտահրավերների հաղթահարմանը և մարդկանց կյանքում մտցնել դրական փոփոխություններ», - նշել է Եվրոպական միության Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ջոզեպ Բորելը:

Համաձայնագիրը ստորագրվել է 2017թ. նոյեմբերին, իսկ դրա հիմնական մասերի ժամանակավոր կիրառումն ուժի մեջ մտել 2018թ. հունիսի 1-ից: Համաձայնագիրը կարևոր նշանակություն ունի Հայաստանի արդիականացման համար, մասնավորապես` օրենսդրական շրջանակը ԵՄ նորմերին մոտարկելու միջոցով։ Այն ներառում է բարեփոխումներ օրենքի գերակայության և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի ոլորտներում, մասնավորապես` անկախ, արդյունավետ և հաշվետու արդարադատության համակարգի ներդրմամբ, ինչպես նաև պետական հաստատությունների պատասխանատվության ու արդյունավետության բարձրացմանն ու կայուն, ներառական զարգացմանը նպաստող պայմանների ստեղծմանն ուղղված բարեփոխումներ:

Մարտի 1-ին Համաձայնագրի ուժի մեջ մտնելու պահից համագործակցությունը կամրապնդվի այն ոլորտներում, որոնք մինչ օրս չեն կիրառվել Համաձայնագրի ժամանակավոր կիրառման դրույթների ներքո:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի տեքստ

Հայաստանում ԵՄ պատվիրակության կայք

ԵՄ-Հայաստան հարաբերությունների մասին տեղեկատվական թերթիկ

ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի մասին տեղեկատվական թերթիկ