Ինչպե՞ս ԵՄ-ից ստանալ հետազոտությունների եւ նորարարության ֆինանսավորում Հայաստանում

19-09-2019
Ինչպե՞ս ԵՄ-ից ստանալ հետազոտությունների եւ նորարարության ֆինանսավորում Հայաստանում
1. Ես ունեմ նորարարական բիզնես գաղափար. կարո՞ղ եմ դրամաշնորհ ստանալ ԵՄ-ից

Այո, կարող եք: Հաայաստանը ԵՄ-ի «Հորիզոն 2020» հետազոտությունների և նորարարությունների շրջանակային ծրագրի լիարժեք անդամ է, ինչը նշանակում է, որ դուք նորարարական դրամաշնորհների համար կարող եք դիմել միևնույն հիմունքներով, ինչ ԵՄ ընկերությունները:

Horizon2020

Աջակցությունը տրամադրվում է EIC Accelerator Pilot նախաձեռնության ներքո, որն օժանդակում է պայծառ գաղափարներ և միջազգայնորեն ծավալվելու հավակնություններ ունեցող նորարարներին, ձեռներեցներին, փոքր ընկերություններին և գիտնականներին: Դուք կարող եք դիմել և որպես անհատ ՓՄՁ, և ձեր գործընկերների հետ միասին. զարգացման սկզբնական շրջանում գտնվող նախագծերի (50 000 եվրոյի դրամաշնորհներ) ֆինանսավորման առաջին փուլն ավարտվել է 2019 թվականի սեպտեմբերի 5-ին, բայց առավել հասուն նորարարական բիզնես նախագծերը դեռևս կարող են դիմել և ստանալ աջակցություն՝ իրենց արտադրանքը շուկա դուրս բերելու նպատակով: Աջակցությունը տրամադրվում է 500000-ից մինչեւ 2,5 միլիոն եվրոյի չափով դրամաշնորհի, ինչպես նաև մինչև 15 միլիոն եվրոյի չափով վարկերի նկատմամբ հասանելիության տեսքով: Ծրագիրը նաև ուսուցում և մենտորություն է առաջարկում ֆինանսավորում ստացած ընկերություններին:

Նորարարական բիզնեսները, անշուշտ, դժվարանում են ֆինանսավորում ստանալ. նրանց պրոդուկտները կարող են բարդ բնույթ ունենալ, տեխնոլոգիաները կարող են փորձարկված չլինել, իսկ շուկաները՝ առհասարակ գոյություն չունենալ: Այս մարտահրավերին արձագանքելու նպատակով «Հորիզոն 2020»-ն իր «Ռիսկերի ֆինանսական ապահովման հասանելիություն» գործողության միջոցով ընկերություններին ու ստարտափերին օգնում է ավելի հեշտ օգտվել վարկերից:

2. Ինչպե՞ս կարող եմ դիմել

Եթե դուք ունեք փայլուն գաղափար կամ նորարարություն, սակայն վստահ չեք, թե ֆինանսավորման որ սխեման է ձեզ համապատասխանում, ապա այցելեք EIC-ի ֆինանսավորման էջ և օգտվեք ինտերակտիվ ֆինանսավորման օգնական EIC wizard գործիքի հնարավորություններից: Այն կօգնի գտնել լավագույն լուծումը ձեր ընկերության համար:

Դիմելու համար անհրաժեշտ է ձեր ընկերությունը գրանցել համակարգում և ներկայացնել գաղափարն ուրվագծող դիմումի ձև:

Հիշեք. ծրագիրն ուղղված է նորարարական տեխնոլոգիաների մշակման վրա հիմնված հեղափոխական բիզնես գաղափար ունեցող ՓՄՁ-ներին: Առաջարկների գնահատման համար օգտագործվում են երեք հիմնական չափանիշներ.

  • Գերազանցություն. որքանով է ներկայացված բարձր ռիսկային / բարձր ներուժ ունեցող նորարարությունը գերազանցում իր բնագավառում կիրառվող առաջատար տեխնոլոգիաները;

  • Ազդեցություն. ինչպես է առաջարկված նորարարությունն էական պահանջարկ (այդ թվում՝ դրա համար վճարելու պատրաստակամություն) ապահովելու արտադրանքի, ծառայության կամ մոդելի համար;

  • Իրականացում. ինչպես է նորարարական արտադրանքն աշխատելու, և ինչ մասնագետներ են ներգրավված այդ նպատակով:

Եթե դուք վարկային միջոցներ եք փնտրում ձեր նորարարության ֆինանսավորման համար, այցելեք «Հորիզոն 2020» ծրագրի «Ռիսկերի ֆինանսական ապահովման հասանելիություն» էջ:

Եթե դուք խորհրդատվության կարիք ունեք, այցելեք «Հորիզոն 2020»-ի ազգային պորտալ և անպայման կապ հաստատեք Հայաստանում «Հորիզոն 2020»-ի ազգային գրասենյակի հետ:

3. Հրաշալի է հնչում, բայց ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ, այդպես չէ՞

Անշուշտ: Անհրաժեշտ է լուրջ վերաբերվել դիմումին և մանրակրկիտ պատասխանել յուրաքանչյուր հարցին: Մի կարծեք, թե կարող եք որևէ պատրաստի տեքստ վերցնել ու պատճենել այն դիմումի մեջ: Գնահատողները մանրամասն ուսումնասիրելու են յուրաքանչյուր հարցին տրված ձեր պատասխանը:

Որոշ մարդիկ կարծում են, որ ծրագրի նկարագիրը պետք է լինի հնարավորինս գիտական, սակայն դա ճիշտ չէ: Գնահատողները ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆ կարդալ գիտական համառոտ շարադրանք, այլ ցանկանում են, որպեսզի դուք ներկայացնեք ձեր ծրագիրն այնպես, որ այն հասկանալի լինի ոչ մասնագետին: Պատկերացրեք, որ դուք փորձում եք այն «վաճառել» ներդրողներին. աշխատեք հետաքրքրություն և «WOW» ազդեցություն առաջացնել: Հիշեք նաև, որ ձեր արտադրանքի նորարար լինելը բավարար պայման չէ. դուք պետք է կարողանաք ի ցույց դնել դրա առևտրային արժեքը:

Ձեր առաջարկը պետք է կապակցված պատմության տեսք ունենա և շարադրված լինի այնպես, որ հեշտ ընթեռնելի լինի: Խուսափեք շարադրանքում տեղեկություն չավելացնող կրկնություններից և «ջուր ծեծելուց» (էջերի առավելագույն քանակը ոչ պարտադիր պայման է): Հիշեք, որ առաջարկը գնահատողը մարդ արարած է, և ձեզ համար ավելի լավ կլինի, եթե առաջարկն ավելի հեշտ ընթեռնելի լինի

Որոշ մարդկանց կարող է խրտնեցնել այն հանգամանքը, որ ամեն ինչ պետք է ներկայացվի անգլերեն լեզվով: Բայց դուք դա պետք է դիտեք որպես հնարավորություն. գրեք ձեր առաջարկը հայերեն լեզվով և հանձնեք այն մասնագիտական թարգմանության: Դուք հեշտությամբ կկարողանաք պատասխանել հարցերին հայերեն լեզվով, բայց վերջնական դիմումը պետք է ներկայացվի անգլերեն: Վերջնարդյունքում դուք ձեռքի տակ կունենաք ձեր նախագիծն անգլերեն լեզվով, ինչն օգտակար կլինի այլ ծրագրերի կամ ներդրողների համար:

Եթե դուք նորարարական նախագծի հայտը ներկայացնում եք որպես ՓՄՁ, ապա անպայման կարդացեք ՓՄՁ աջակցման գործիքի համար առաջարկի ձևանմուշի քայլ առ քայլ ուղեցույցը, որը հայտի ներկայացման վերաբերյալ անգին խորհուրդներ և առաջարկություններ է պարունակում: Այդ խորհուրդները հիմնված են գնահատողների և «Հորիզոն 2020»-ի ազգային գրասենյակների ներկայացուցիչների հետադարձ արձագանքների վրա, որորնք ամեն օր առնչվում են փոքր և միջին ձեռներեցների դիմումներին:

4. Արդյոք հայաստանյան որևէ ընկերություն ստացե՞լ է դրամաշնորհ

Նախորդ տարի «Grovf»-ը դարձավ Հայաստանից և ողջ Հարավային Կովկասից առաջին ընկերությունը, որը դրամաշնորհ շահեց «Հորիզոն 2020»-ի ՓՄՁ գործիքի շրջանակում: «Grovf»-ը 2017 թվականին հիմնված ստարտափ է, որն աշխատում է իրերի համացանցի (IoT) ոլորտում տվյալների մշակման լուծումների ուղղությամբ: Իրենց երկրորդ փորձից և «ԵՄ-ն բիզնեսի համար» (EU4Business) նախաձեռնության «Աջակցություն Հայաստանում ՓՄՁ զարգացմանը» (EU-SMEDA) ծրագրի աջակցությամբ «Grovf»-ը շահեց 50 000 եվրո դրամաշնորհ: Ֆինանսավորումը կօգտագործվի հետազոտության և զարգացման նախաձեռնություններին աջակցելու համար և թիմին հնարավորություն կտա ներդրումներ կատարել ընկերության տեխնոլոգիական կատարելագործման ուղղությամբ` սեփական արտադրանքն ավելի մրցունակ դարձնելու նպատակով:

Իմացեք ավելին, թե ինչպես է «Grovf»-ը նոր տեխնոլոգիական հորիզոններ նվաճում ԵՄ-ի աջակցության շնորհիվ, ինչպես նաև ծանոթացեք ՓՄՁ գործիքի շահառուների ինտերակտիվ քարտեզին:

5. Արդյոք առկա՞ են անհատների ֆինանսավորման հնարավորություններ

Եթե դուք հետազոտող եք, ով ցանկանում է արտերկրում աշխատելով՝ խթանել սեփական կարիերան, ապա կարող եք դիմել «Հորիզոն 2020»-ի Մարի Սկլոդովսկա-Կյուրի գործողությունների շրջանակում տրամադրվող անհատական կրթաթոշակին: Դիմելու համար դուք պետք է ունենաք գիտությունների թեկնածուի (PhD) աստիճան կամ առնվազն 4 տարվա լիարժեք հետազոտական փորձ: Կարող են ֆինանսավորվել գիտական բոլոր ճյուղերում հետազոտությունները` ֆիզիկայից մինչև լեզվաբանություն, բժշկական գիտություններից մինչև մաթեմատիկական մոդելավորում: Մինչև երկու տարի ժամկետով դրամաշնորհները ծածկում են կացության, ճանապարհորդության և ընտանիքի ծախսերը: ԵՄ-ն նաև մասնակիորեն ծածկում է ձեր ուսուցման, գիտական կապերի ընդլայնման ու հետազոտական, ինչպես նաև ծրագրի կառավարման և հարակից այլ ծախսերը (բոլոր մանրամասների համար տես դիմորդների համար ուղեցույցը): Դրամաշնորհը տրվում է հյուրընկալ կազմակերպությանը՝ սովորաբար Եվրոպայում տեղակայված համալսարանին, հետազոտական կենտրոնին կամ ընկերությանը:

Եվրոպական հետազոտական խորհուրդը (ERC) ֆինանսավորում է տրամադրում նաև լավագույն հետազոտողներին` Եվրոպայում հետազոտություններ կատարելու նպատակով: ERC-ի մեկնարկային դրամաշնորհի միջոցով երիտասարդ գիտնականները կարող են մինչև 1,5 միլիոն եվրո ստանալ՝ 5 տարվա հետազոտական գործունեության համար: Առավել փորձառու և կայացած հետազոտողների համար հասանելի են ավելի գրավիչ դրամաշնորհներ:

Հարկ է նշել, որ եվրոպական հետազոտական հիմնադրամների մեծ մասը նպատակաուղղված կերպով աջակցում է միջազգային գործընկերությանը՝ նորարարությունների առաջխաղացման նպատակով: Այնպես որ, եթե դուք գիտնական եք, ապա ձեր՝ ԵՄ-ի կողմից ֆինանսավորում ստանալու ամենահավանական ճանապարհը համագործակցությունն է: «Հորիզոն 2020»-ը ֆինանսավորում է բոլոր բնագավառների հետազոտական ծրագրերը՝ տիեզերքից մինչև հումանիտար գիտություններ, ՏՀՏ-ից՝ գյուղատնտեսություն, կենսատեխնոլոգիաներից՝ էներգետիկա

6. Դրամաշնորհներ ստանալու ինչպիսի՞ հնարավորություն ունեն հայաստանցի գիտնականներն ու հետազոտողները

Հայաստանը «Հորիզոն 2020»-ից օգտվում է նույն կերպ, ինչ Եվրոպական միության անդամ երկրները, ինչը նշանակում է, որ հայ գիտնականներն ունեն ֆինանսավորման միևնույն հնարավորությունը, ինչ ԵՄ-ի իրենց գործընկերները:

Սակայն «Հորիզոն 2020»-ը միայն գումար ստանալու միջոց չէ: Ծրագրերի մեծ մասը պահանջում է, որ դուք աշխատեք տարբեր երկրների առնվազն երեք այլ հաստատությունների կամ ձեռնարկությունների հետ: Այսպիսով, «Հորիզոն 2020»-ը դռներ է բացում հայ գիտնականների և նրանց միջազգային գործընկերների, ինչպես նաև ԵՄ-ի և ամբողջ աշխարհի բիզնես գործընկերների միջև ավելի լավ համագործակցության համար:

Գոհար Ցականովան ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող է: Տարիներ առաջ նա մասնակցել է «Հորիզոն 2020»-ի Մարի Սկլոդովսկա-Կյուրի գործողությունների շրջանակում Բրյուսելում կազմակերպված մի հանդիպման, որի միջոցով ձեռք բերված կապերը հետագայում նրա համար Գերմանիայում այլ գիտնականների հետ միասին քաղցկեղի ուսումնասիրության նախագծի վրա աշխատելու ճանապարհ հարթեցին: Տվյալ ուսումնասիրության արդյունքում մշակվում են չարորակ և ոչ չարորակ պաթոլոգիաների բուժման նվազ ինվազիվ մեթոդներ, ինչը հետագայում կարող է մարդկանց կյանքեր փրկել: Գոհարի պատմությունը կարդացեք այստեղ:

Արմինե Աբրահամյանը ղեկավարում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Միջազգային գիտական ծրագրերի բաժինը՝ միջազգային գիտական նախագծերի միջոցով զարգացնելով ագրոպարենային էկոհամակարգերում նորարարական ուղղությունները: Նա նույնպես աշխատել է «Հորիզոն 2020»-ի մի շարք նախագծերում, որոնք ուղղված են եղել բնական ռեսուրսների և կենսաբազմազանության արդյունավետ և կայուն օգտագործմանը: «Ես մտադիր եմ արտասահմանում ստացած իմ գիտելիքներն ու փորձն օգտագործել մեր համալսարանի զարգացման համար»,- ասում է նա: Արմինեի պատմությունը կարդացեք այստեղ:

2018 թվականի վերջի դրությամբ (2016 թվականի մայիսից ի վեր, երբ Հայասատանը դարձավ ծրագրի լիիրավ անդամ) հայ գործընկերների ներգրավվածությամբ 25 համատեղ նախագիծ է իրականացվել «Հորիզոն 2020»-ի ներքո, մինչդեռ 47 անհատ հայ հետազոտողներ ֆինանսավորում են ստացել Մարի Սկլոդովսկա-Կյուրի գործողությունների վերջին փուլի (2014-2020թթ.) շրջանակում:

7. Ուրիշ որտեղի՞ց կարող եմ իմ ստարտափի ֆինանսավորում հայթայթել

«Հորիզոն 2020»-ն ուղղված է հետազոտությունների և նորարարությունների ֆինանսավորմանը, սակայն առկա են ԵՄ աջակցության մի շարք այլ հնարավորություններ, որոնք հասանելի են Հայաստանում:

Եթե դուք զբաղվում եք բիզնեսով, ապա կարող եք դիմել «EU4Business» նախաձեռնության ներքո գործող ֆինանսավորման և աջակցության հնարավորությունների համար (նախաձեռնության «EU-SMEDA« ծրագիրն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում գործարար նորարարությանը): Հայ ձեռնարկատերերին հասանելի է նաև ԵՄ-ի «COSME» ծրագիրը, որը ՓՄՁ զարգացման դրամաշնորհներ է տրամադրում, ինչպես նաև ֆինանսավորում է Ձեռնարկությունների եվրոպական ցանցը, որը հայաստանյան ՓՄՁ-ներին օգնում է բիզնես և տեխնոլոգիական գործընկերներ գտնել ամբողջ Եվրոպայում և դրանից դուրս: Եթե դուք սկսնակ կամ ապագա գործարար եք, ապա կարող եք օգտվել «Էրազմուս՝ երիտասարդ ձեռնարկատերերի համար» ծրագրի ընձեռած հնարավորություններից՝ սովորելու այլ մասնակից երկրներում փոքր բիզնեսներ վարող փորձառու ձեռնարկատերերից:

Եթե դուք գիտաշխատող եք կամ ուսանող, ապա «Էրազմուս +»-ը ձեզ առաջարկում է հետազոտական և փոխանակման բազմաթիվ հնարավորություններ՝ բոլոր ոլորտներում և բոլոր մակարդակներում: Մանրամասների համար այցելեք Հայաստանում «Էրազմուս +» ծրագրի ազգային գրասենյակ, ինչպես նաև ուսումնասիրեք «Էրազմուս +»-ի վերաբերյալ մեր էլեկտրոնային քարտերը` ծրագրի շրջանակներում ֆինանսավորվող երիտասարդական հնարավորություններին ծանոթանալու համար:

Եթե դուք գործում եք մշակույթի կամ մեդիայի ոլորտում, ապա Հայաստանը լիարժեքորեն մասնակցում է Եվրամիության «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի մշակութային և մեդիա բաղադրիչներին:

Հետազոտություններին և նորարարություններին ԵՄ աջակցության վերաբերյալ բոլոր նորություններին, միջոցառումներին և հնարավորություններին տեղեկանալու համար հետևեք «EU4Inovation« էջին: