Հայկական ստարտափ ընկերությունը ԵՄ աջակցությամբ աշխատավարձի հաշվարկի և կադրային գործի ավտոմատացման լուծում է մշակել

30-08-2019

«Հիմնարկ» հայկական ստարտափ ընկերությունն աշխատավարձի հաշվարկի և կադրային գործի ավտոմատացման լուծում է մշակել հայկական փոքր ու միջին բիզնեսի համար՝ ներդնելով «Հիմնարկ մարդիկ» առցանց համակարգը։

Ընկերության ստեղծած պրոդուկտն ավտոմատացնում  է կադրային գործավարությունը, աշխատավարձիև հղիության ու հիվանդության արձակուրդների հաշվարկը:

«Հիմնարկ»-ի համահիմնադիր և տնօրեն Ռուբեն Օսիպյանը մեզ հետ զրույցում մանրամասնում է, թե ինչու որոշեցին հենց փոքր ու միջին բիզնեսի համար նման համակարգ մշակել։

«ՓՄՁ-ները հիմնականում նորմալ չեն վարում կադրային գործն ու աշխատավարձային հաշվարկը, բայց դրա կարիքն ունեն, քանի որ այսօր շուրջ 300 հազար մարդ է աշխատում ՓՄՁ ոլորտում ։ Դրա մեջ մտնում են և՛ աշխատանքային պայմանագրերի, և՛ հղիության ու հիվանդության նպաստների հաշվարկներն ու վճարումները։ Հաշվի առնելով այն փաստը, որ շուկայում առկա լուծումները թիրախավորում են հիմնականում խոշոր ընկերություններին, և փոքր ու միջին կազմակերպությունները երբեք խոշոր ներդրում չեն կատարել, որպեսի իրենց մոտ կադրային գործընթացը ավտոմատացվի, մենք նման լուծում ստեղծեցինք։ Այդ համակարգի բացակայության հետևանքով ՓՄՁ-ներն ավելի  շատ ռեսուրս են ծախսում, մարդիկ են պահում, ովքեր պետք է այդ գործն անեն»,- ասաց նա։

Ռուբեն Օսիպյանի խոսքով՝ ընկերության կայացման գործում մեծ դեր ունի Եվրամիության աջակցությունը։

2017 թվականին ընկերության թիմը մասնակցել է Ստարտափ ակադեմիայի դասընթացներին։ Ակադեմիան գործում է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (EU-SMEDA) ծրագրի շրջանակում։

«Այս աջակցությունը համընկավ այն փուլի հետ, երբ մենք նոր էինք սկսել մեր գործունեությունը: Եվ այդ գիտելիքը մեզ օգնեց շուկա մտնելու հարցում»,-  ասում է Ռուբեն Օսիպյանը՝ հավելելով, որ մասնակցել են նաև Եվրամիության աջակցությամբ անցկացվող «Սևան ստարտափ սամմիթ»-ին՝ ստանալով մրցանակ։

«Հիմնարկ»-ը նաև EU-SMEDA ծրագրի նորարարություններին ուղղված դրամաշնորհը շահած վեց ընկերություններից մեկն է: Ըստ Ռուբեն Օսիպյանի՝ դրամաշնորհը շատ կարևոր էր ընկերության կայացման տեսանկյունից։ Իրենք նախատեսում են դրամաշնորհի միջոցով զարգացնել իրենց պրուդուկտը և մտնել շուկա։ Այս աջակցությունն, ըստ նրա, նաև օգնեց այդ թվում միջազգային ներդրողների շրջանում իրենց պրոդուկտի գրավչության բարձրացմանը ։ Ընկերությունն արդեն կարողացել է միջազգային  ներդրող ներգրավել։

Այսօր արդեն մոտ 40 ընկերություն հետաքրքրված են «Հիմնարկի» ստեղծած համակարգով։

«Մոտ 10 ընկերություն օգտագործում են մեր համակարգը, մնացածն անվճար փորձաշրջանի մեջ են։ Ոմանց հետ էլ բանակցում ենք, որ սկսեն օգտագործել համակարգը։ Բացի այդ, մենք հաջորդ փուլի համար ներդրումներ ներգարվելու բանակցությունների մեջ ենք, որոնց նպատակը զարգացման այն մակարդակին հասնելն է, երբ մեր ընկերությունն իր աշխատանքով կկարողանա ծածկել սեփական ծախսերն ու ինքնաբավ կլինի»,- ասաց  Ռուբեն Օսիպյանը։

Author: Roza Hovhannisyan

Photos by Nazik Armenakyan

Article published in Armenian, Russian and English by Lragir.am