Հայաստանում առաջին անգամ պլաստիկ թափոններից շինանյութ կստանան

28-05-2018

Ժամանակակից աշխարհում նորամուծությունները ոչ միայն հարմարություններ են ստեղծում մարդու կյանքում, այլև անուղղելի վնաս հասցնում բնությանը:

Մեկանգամյա օգտագործման համար նախատեսված սպասքը, պլաստիկ  շշերը, փաթեթավորումները, պոլիէթիլենային տոպրակները դրա ապացույցն են:  Ըստ Էլեն Մըքարթուր հիմնադրամի, 2050 թվականին թափոնների մասսան  ջրային պաշարներում շատ ավելին է լինելու, քան  երկրագնդի ողջ  ձկնային պաշարի քաշը: Պլաստիկը համաշխարհային օվկիանոսի աղբի 80% է կազմում: Արդյունքում ստացվում է, որ այն բոլոր պլաստիկ թափոնները, որոնք մենք նետում ենք աղբարկղեր կամ բնության գիրկ, վերադառնում են աղտոտված սննդի, ջրի և օդի տեսքով:  

Հայաստանը դեպի ծով ելք չունեցող երկիր է, բայց պլաստիկ փաթեթավորման  ինտենսիվ օգտագործումն այստեղ ևս հանգեցրել է  բնապահպանական խնդիրների: Ավելին Հայաստանում աղբի տարանջատման քաղաքականությունն ամբողջությամբ դեռ չի ներդրվել և խնդիրն ավելի տեսանելի է դառնում ուժեղ քամիների ժամանակ, երբ պոլիէթիլենային տոպրակները, պլաստմասե իրերը կուտակումներ են ստեղծում: Համաձայն 2016 թվականին Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության հրապարակած գնահատականի, պլաստիկ տարաները, շշերը և տոպրակները, հանդիսանում են Հայաստանում ջրերի հիմնական աղտոտիչները։ Հայաստանում տարեկան կուտակվում է մոտ 5000 տոննա պոլիէթիլենային թափոն։ Ըստ վերջին տարիների միջինացված տվյալների տարեկան Հայաստանի Հանրապետության տարածք տարեկան ներմուծվում է ավելի քան 622 տոննա պոլիէթիլենային տոպրակ և  արտադրվում` ավելի քան 201 տոննա:

Չնայած խնդրի ահագնացող ծավալներին, մի շարք զարգացած երկրներ  վաղուց հաջողությամբ  ներդրել են աղբի տեսակավորման և վերամշակման  նոր տեխնոլոգիաներ` ջանալով նվազագույնի հասցնել մոլորակի աղտոտվածությունը ու պլաստիկի վնասը բնությանը: Իսկ այն բնապահպանները, պաշտոնյաները, որոնք տարիներ շարունակ զբաղվում են թափոնների խնդրով Հայաստանում, վստահ են` աղբի տեսակավորման և վերամշակման քաղաքականության ներդրումը Հայաստանում հեռու ապագայի հարց է:

Հայաստանը միակ երկիրը չէ, տարածաշրջանի մյուս երկրները ևս թափոնների կառավարման հետ կապված դժվարին մարտահրավերների են առերեսվում։ Շրջակա միջավայրի բնագավառում միասնական աշխատանքը հանուն ավելի լավ քաղաքականության և ավելի կանաչ ներդրումների, այդուհանդերձ, առաջնահերթություն է ԵՄ-ի համար։

Ըստ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի միջազգային օգնության համագործակցության պատասխանատու Անդրեա Բաջջիոլիի` թեպետ Հայաստանում աղբի տարանջատման  ոչ՛ քաղաքականություն և  ոչ էլ պրակտիկա  կա, գոյություն ունի 30 համայնք, որտեղ բնակիչներն արդեն մի քանի տարի է պլաստիկ շշերի պահեստավորման գործում առաջամարտիկ են: Նրա խոսքով, Հայաստանում ավելի ու ավելի շատ համայնքներ են ցանկություն հայտնում սկսել պլաստիկի տարանջատման գործընթացը: Սակայն, պաշտոնյայի խոսքով, այս կետում շղթան  ընդհատվում է, քանի որ գործընթացն ավարտվում է դրանք մշտական կերպով պահոցներում հավաքելով:

Այնուամենայնիվ կա մեկ օրինակ, որը հույս է ներշնչում: Սյունիքի մարզի Կապան քաղաքում  պլաստիկե թափոնները  ոչ միայն տեսակավորվում են, այլև պատրաստվում են  վերամշակման և կրկնակի օգտագործման շինարարության ոլորտում: Սա հնարավոր կդառնա  «Բնապահպանական մարտահրավերի վերածումը հնարավորությունների. պլաստիկ թափոններից շինանյութի ստացում» ծրագրի շնորհիվ, որն իրականացվում է   Եվրոպական միության և ՀՀ Կառավարության համաֆինանսավորմամբ: Վերամշակման արդյունքները, ըստ ծրագրերի պատասխանատուների, երկար սպասեցնել չեն տա:

«Այս նախագծով առաջին անգամ Սյունիքի մարզի Կապան քաղաքում  կհիմնադրվի ստարտափ վերամշակման գործարան, որը մի շարք տեխնոլոգիական պրոցեսներ անցնելուց և արտադրական գծին ավազ խառնելուց հետո պլաստիկ թափոնների վերամշակումից ստանում է նյութեր: Ստարտափին բավարար քանակությամբ պլաստիկ թափոններ մատակարարելու համար նախագիծը կստեղծի դրա տարանջատման և հավաքման ենթակառուցվածք Եղեգնաձորից Մեղրի ընկած հատվածում, ներառելով Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի 9 համայնքներ: Սալահատակի եզրաքարերի և փողոցային սալիկների առաջին խմբաքանակը կուղղվի այն համայնքների հանրային տարածքների բարելավմանը, որոնք արտադրական գծին տրամադրել են պլաստիկ թափոններ»,-մանրամասնեց Բաջջիոլին:

Երկամյա ծրագրի բյուջեն կազմում է շուրջ 750 հազար եվրո, որից շուրջ 510 հազար եվրոն տրամադրել է Եվրոպական միությունը: Ծրագրի բյուջեի 25%-ը ֆինանսավորել են ՀՀ կառավարությունն ու ծրագրի իրականացնողներ «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամը և Կապանի քաղաքապետարանը: «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի ծրագրերի տնօրեն Արմինե Թուխիկյանի խոսքով, այս ծրագրով կենցաղային աղբի կառավարումը փորձում են  քաղաքակիրթ և արդյունավետ  դարձնել` որպես առաջին քայլ սկսելով պլաստիկ թափոններից:

Տվյալ նախագիծը գործում է Տարածքային զարգացման պիլոտային ծրագիր դրամաշնորհի (ՊՏԶԾԴ) ներքո, հրապարակված  2015 թվականի սեպտեմբերի 14-ին Եվրոպական միության և ՀՀ Տարածքային կառավարման ու զարգացման նախարարության (ՏԿԶՆ) կողմից: ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համաձայն, սա  լիովին համապատասխանում է ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի բնապահպանական գերակայություններին և օգնում է խթանել շրջանաձև տնտեսության  վրա կենտրոնացումը, ներառյալ արժեքային շղթայի զարգացման և կրթական ու իրազեկման հատուկ միջոցառումների իրականացման միջոցով: Բաջջիոլին ասաց, որ ավելի քան 60 մարդ կշահի վերապատրաստման դասընթացներից և կբարելավեն իրենց հնարավորություններն աշխատաշուկայում, նրանցից 35-ը կստանան մշտական աշխատանք:  ԵՄ պաշտոնյայի համաձայն, ծրագիրն ունի ուժեղ բնապահպանական կոնտեքստ ոչ միայն այն պատճառով, որ օգնում  է նվազեցնել պլաստիկ թափոնների ավարտը բնության մեջ, այլև  այն, որ բնապահպանական կառավարման համակարգն, գործառնական անվտանգությունն ու առողջական համակարգը  կհաստատվեն այս սթարթափում, որը ուղի կհարթի որակի կառավարման համակարգի ISO սերտիֆիկատի համար: «Այս ծրագիրը կազմակերպել է պլաստիկ պարունակող շինանյութի շուկայի ուսումնասիրություն և կաջակցի արտադրանքի խթանմանը շինարարական ընկերությունների և մատակարարների հետ»,-տեղեկացրեց Բաջջիոլին:  

Արմինե Թուխիկյանն ասաց, որ ՀՀ շուրջ 30 համայնքներում  ներդրել են կենցաղային աղբից պլաստիկ թափոնների տարանջատման մոդելը և ներկայումս շատ համայնքներ կան, որտեղ  պլաստիկ թափոնները տարանջատվում են, կուտակվում, պահեստավորվում, սեղմվում, որպեսզի ծավալը փոքրանա: «Իսկ այս ծրագրով առաջին անգամ Հայաստանում փորձելու ենք հավաքված թափոնները վերամշակել արտադրամասում և ստանալ շինանյութ»,-նկատեց նա:

Նոր մեկնարկող գործարանն օգտագործելու է 80% ավազ և 20 % պլաստիկ թափոն: Հալվող պլաստիկը կպչունություն է ապահովելու ավազի համար, ինչը սովորական դեպքում ցեմենտն է ապահովում: «Նախատեսում ենք առայժմ 6 տեսակի շինանյութ ստանալ, բայց աշխարհում շատ ընդունված է նման տեխնոլոգիայով հարյուրավոր նյութեր ստանալ»,-ասաց Թուխիկյանը, հավելելով, որ 2 ամսից արտադրամասի տեղադրման բոլոր աշխատանքները կավարտվեն, որից հետո մատակարարը պարտավոր է վերապատրաստում անցկացնել նոր աշխատակիցների համար, որոնք աշխատանքի կընդունվեն արտադրամասում, վերապատրաստումից հետո կսկսեն արտադրել շինանյութ և սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին  կունենանք արտադրանք: Թուխիկյանի խոսքով, պլաստիկից ստացված  արտադրանքն իր տեխնիկական բնութագրիչներով ոչ միայն չի զիջելու, այլև գերազանցելու  է ավազով և ցեմենտով պատրաստվող նույն արտադրատեսակներին:

Նա պատմեց, որ  կոշտ կենցաղային թափոններից պլաստիկ թափոնների  տարանջատման տեխնոլոգիայի ներդրման եռաքայլ մոդել են մշակել: Ըստ նրա, առաջին բաղադրիչը սերտ համագործակցությունն է ՏԻՄ-ի հետ, այսինքն` ՏԻՄ-ը պետք է ցանկանա  իր համայնքում  այս գործընթացը սկսել որոշակի ներդրում ունենալով տվյալ  գործընթացի համար հարմար պայմանների ապահովման գործում:

Մյուս բաղադրիչը, Թուխիկյանի խոսքով, ենթակառուցվածքի ստեղծումն է: «Այսինքն` մենք համապատասխան պայմաններ ենք ստեղծում, որպեսզի  բնակիչները կարողանան տարանջատել: Օրինակ` ընդհանուր աղբամանների կողքը տեղադրում ենք հատուկ  աղբամաններ պլաստիկի համար, որից հետո մյուս  բաղադրիչի միջոցով` հանրային իրազեկման լայն արշավների միջոցով  տեղեկացնում ենք մարդկանց, թե ինչու է սա անհրաժեշտ և ինչումն է  կայանում վտանգը, որ պլաստիկը հայտնվում է աղբավայրում, ինչպես վարվել կենցաղում պլաստիկի հետ և այլն»,-պարզաբանեց Թուխիկյանը: Ըստ նրա, հանրային իրազեկումը, ենթակառուցվածքները և  ՏԻՄ-ի գործառույթները  բոլորը միասին հանգեցնում են նրան, որ  տվյալ համայնքում  մենք կարողանում ենք պլաստիկը հավաքել, պահեստավորել  և դրա ճակատագիրը  տնօրինել ինչ որ կերպ կամ վաճառել:

Ծրագրի պատասխանատուները պնդում են, որ վերամշակված պլաստիկ թափոններից արտադրանքն իրականություն կդառնա շատ շուտով:  Գուցե ` ծրագիրը նույնիսկ նախադեպային դառնա Հայաստանում պլաստիկ թափոնների պահեստավորման և վերամշակման ոլորտում:

Author: Araks Martirosyan