Եվրամիությունը՝ Գավառին․ հաշմանդամություն ունեցող ուսանողը կոտրում է կարծրատիպերը

05-03-2020

Գավառի գյուղատնտեսական քոլեջի 18-ամյա ուսանող Սվետա Խաչատրյանն իր հիմնական մասնագիտությանը զուգահեռ նաև անասնաբուժություն է ուսումնասիրում:

Սվետան հաշմանդամություն ունեցող իգական սեռի առաջին ներկայացուցիչն է Գավառում, ով որոշել է զբաղվել անասնաբուժությամբ։ Նա սովորում է քոլեջի կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիաների բաժնում։

Եվրամիության “EU4Youth” ծրագրի «Աշխատանքի վրա հիմնված ուսումնառություն» բաղադրիչի շրջանակներում նա ոչ ֆորմալ դասընթացների է մասնակցել՝ ստանալով անհրաժեշտ հմտություններ: 

«Գյուղատնտեսության ոլորտում այս մասնագիտությունը պահանջված է և արդիական։ Այն ինձ հետաքրքրեց, կարճ ժամանակում սիրեցի։ Այս ծրագիրն ինձ հնարավորություն տվեց երկրորդ մասնագիտություն ձեռք բերել ու հավելյալ գիտելիքներ ստանալ»,- մեզ հետ զրույցում ասում է Սվետան:

Իր գիտելիքները նա արդեն կիրառում է, կարողանում է բուժօգնություն ցուցաբերել կենդանիներին: Ասում է, որ քոլեջն ավարտելուց հետո մտադիր է փոքր ֆերմա հիմնել ու զբաղվել անասնաբուժությամբ։

Սվետան պատմում է, որ այս մասնագիտությունն ընտրելիս խոչընդոտների է բախվել ինչպես շրջապատում, այնպես էլ ընտանիքում։

«Ծնողներս համաձայն չէին, որ ես անասնաբուժություն սովորեմ, քանի որ կարծում են՝ աղջկա գործ չէ։ Իմ շրջապատում այս մասնագիտությանն այնքան էլ մեծ տեղ չեն տալիս, հատկապես աղջիկների շրջանում այն ընդունված չէ, բայց ես այն սիրեցի ու որոշեցի զբաղվել»,- ասում է Սվետա Խաչատրյանը։

Այս ծրագիրն իրականացվում է Եվրամիության ֆինանսավորմամբ՝ «Վորլդ Վիժն Հայաստանի» և «Գլոբալ զարգացումների հիմնադրամի» համագործակցությամբ:

«Գլոբալ զարգացումներ հիմնադրամի» ներկայացուցիչ Լիլիթ Բեգլարյանն ասում է, որ ծրագրի շրջանակներում հիմնադրամը ստեղծել է աշխատանքային խումբ, որում ընդգրկված են քոլեջի դասավանդողը, Մասնագիտական կրթության զարգացման ազգային կենտրոնի ներկայացուցիչը և համապատասխան գործատուն՝ ըստ մասնագիտությունների։ Ծրագիրն իրականացվում է Գեղարքունիքի, Արարատի ու Լոռու մարզերում:

Աշխատանքային խմբերը ստեղծվել են գործատուի հետ համատեղ, այսինքն՝ գործատուն ներկայացնում է, թե ներկայումս որ մասնագետների պահանջարկը կա աշխատաշուկայում, եւ դրա հիման վրա գրվում է ծրագիրը։ Գործատուները լավագույն ուսանողներին օգնում են աշխատանքի հարցում։ Ծրագիրը սկսվել է 2018 թվականին, դրա շահառուները 15-35 տարեկան անձինք են։

Գավառի գյուղատնտեսական քոլեջի դասախոս Անուշ Վարպետյանն ասում է, որ այսօրինակ ծրագրերի իրականացումը մարզերում շատ կարևոր է, քանի որ ֆորմալ կրթությունից բացի երիտասարդներն աշխատանքի վրա հիմնված ուսուցում են անցնում, ինչը շատ կարևոր է հետագայում իրենց մասնագիտական կողմնորոշման ու սեփական գործը սկսելու համար։

«Ծրագրին մասնակցում են և իգական, և արական սեռի ներկայացուցիչներ, այսինքն՝ փորձում ենք ապահովել գենդերային հավասարությունը։ Հատկապես Գեղարքունիքում դա խնդիր է, քանի որ այստեղ ընդունված չէ, որ աղջիկն աշխատի որպես անասնաբույժ»,- ասում է Անուշ Վարպետյանը։

Գավառում այս ծրագրում ընդգրկված գործատուն Անասնաբուժական և գյուղատնտեսական կենտրոնի տնօրեն Սիմոն Մարտիրոսյանն է, ով նշում է, որ տարածաշրջանում անասնաբույժների մեծ պահանջարկ կա:

Նրա խոսքով, մարզի բնակչության 80 տոկոսը զբաղված է անասնապահությամբ, բայց անասնաբույժները քիչ են։ «Այս ծրագրի շրջանակներում ուսուցում են անցել նաև ֆերմերների երեխաները, որպեսզի ֆերմերների գործը թեթևանա։ Եվ այնպես է ստացվել, որ նրանք արդեն կարողանում են սպասարկել իրենց տնտեսությունները»,- ասում է նա։

Հայաստանում աշխատանքի վրա հիմնված ուսումնառությունը շատ կարևոր է կրթությունից և ուսուցումից դեպի աշխատանք անցումը դյուրին դարձնելու համար, և դրա պահանջարկը կա հատկապես մարզերում:

Author: Roza Hovhannisyan

Article published in ArmenianRussian and English by Lragir.am