Բիզնեսը համավարակի պայմաններում. ինչպես են շիրակցի կանայք սկսում իրենց գործը

07-03-2021

Շիրակի մարզը համարվում է Հայաստանի ամենաաղքատ մարզը։ Այստեղ հեշտ չէ գտնել աշխատանք, իսկ COVID-19 համավարակը իրավիճակը էլ ավելի բարդացրեց։ Փակվել են մի շարք աշխատատեղեր, կրճատվել թափուր հաստիքներ, իսկ աշխատանք գտնելու գործընթացը ավելի դժվար է դարձել։

Եվրամիությունը (ԵՄ) մի շարք նախաձեռնություններ է իրականացնում տարածաշրջանում։ Դրանցից մեկը՝ «COVID-19. Քաղաքացիական հասարակության ճկունություն և կայունություն» սկսվել է 2020 թվականին և տևելու է մինչև 2024-ը։ Ծրագիրը իրականացնում են ERIM (նախկինում՝ IREX Europe) և «Մարդու իրավունքների տուն Երևան» հասարակական կազմակերպությունները: Այն նպատակ ունի աջակցություն տրամադրել քաղաքացիական հասարակության կազմակերպություններին հաղթահարել COVID-19-ի պատճառով առաջացած մարտահրավերները և զարգանան։ Ծրագրի շրջանակներում Հայաստանին տրամադրվել է 527 հազար եվրո, որից 400 000-ը բաշխվելու է որպես ենթադրամաշնորհ։ Գյումրիի «Կանանց իրավունքների տուն» հասարակական կազմակերպությունը այս ծրագրի շահառուներից է և ծրագրի շնորհիվ հնարավորություն է ստացել շարունակել իր գործունեությունը։

«Պայքար ԿՈՎԻԴ-ի դեմ՝ կանանց ձեռներեցության միջոցով» ծրագրի շրջանակներում Հ/Կ-ն ստեղծել է 30 կանանցից և աղջիկներից բաղկացած խումբ, որոնք ունեն որոշակի հմտություններ, օրինակ՝ կարողանում են կատարել ձեռագործ աշխատանքներ, կարել, պատրաստել։ 30 կանանցից ընտրվել են 13 բիզնես նախագծեր, որոնք ստացել են մինչև 700 000 դրամ դրամաշնորհներ։

Ընտանեկան ավանդույթները օգնում են ստեղծել նոր աշխատատեղեր

28-ամյա Գոհար Հովհաննիսյանը սովորում է Երևանի պետական համալսարանում՝ իրանագիտություն ֆակուլտետի մագիստրոսական ծրագրում, սակայն COVID-19 համավարակի պատճառով, երբ դասերը հեռավար են դարձել վերադարձել է Գյումրի։ Այստեղ էլ որոշել է գտնել աշխատանք։ Համավարակի պատճառով աշխատանքից հեռացվել է նաև իր մայրը։ Որոշ փորձեր կատարելուց հետո Գոհարը լսել է նախաձեռնության մասին և  որեշել դիմել։

Բիզնես գործունեությունը հեշտությամբ է ընտրել՝ կարուձևը, որը ընտանեկան արհեստ է․ Գոհարի մայրը տարիներ շարունակ զբաղվել է կարուձևով և իրեն էլ է սովորեցրել կարել․ «Գյումրիում կային կարի արտադրության շատ-շատ մեծ գործարաններ։ Կանանց ավագ սերունդը հիմնականում այդ ոլորտում մասնագիտացված է։ Եվ դա փոխանցվում է հաջորդ սերունդին։ Հույս ունեմ, որ դա շարունակաբար կփոխանցվի և չի կորի»։

Նախաձեռնությունը միայն ընտանեկան չէ, Գոհարին և նրա մորը միացել է նաև նրա ընկերուհին՝ Թամարան, իր մոր հետ։ Երիտասարդ կանանց մայրերը այս դեպքում վարպետներն են, նրանք  խորհրդատվություն կտրամադրեն և կօգնեն նրանց սկսել իրենց սեփական բիզնեսը։ Գոհարը նախատեսում է անկողնային պարագաներ կարել և վաճառել դրանք Գյումրիում և Աշոցքում։ Հաջողելու դեպքում մտադիր են ընդլայնել և այն վերածել կարի հեռահար արտադրամասի։ Այդ դեպքում համայնքաբնակ կանայք տնից աշխատելու հնարավորություն կունենան։ 

«Սա իմ առաջին փորձն է, երբևէ չէի մտածի, որ կարող եմ բիզնես գործունեություն սկսել, բայց հանգամանքները ստիպեցին նաև բիզնեսին ուշադրություն դարձնել»,- ասում է Գոհարը՝ նշելով, որ սիրում է իր մասնագիտությունը և պատրաստվում է համատեղել և՛ բիզնես գործունեությունը, և՛ իրանագիտությունը։

Կանանց հետ աշխատում են մենթորները, որոնք օգնել են իրենց ուսումնասիրել շուկան, մշակել ռազմավարություն և խորհրդատվություն են տրամադրել։ Ծրագիրը վեց ամիս է տևելու և ունի 650 հազար դրամի բյուջե, որը Գոհարը պատրաստվում է օգտագործել համապատասխան նյութեր և կարի մեքենաներ գնելու համար։ Աշխատանքը կատարելու են տնից՝ հեռավար կերպով։

Գոհարը հույսեր ունի, որ ծրագրի ընթացքում այնպես կարող են ինքնադրսևորվել և կատարել իրենց արտադրանքի վաճառքը, որ ծրագրի ավարտից հետո կկարողանան ինքնաֆինանսավորվել և հետագայում ընդլայնել ոչ միայն իրենց աշխատակազմը, այլ նաև շուկան։

Անկողնային մեկ պարագայի արտադրության համար մեկ վարպետը բավական է, և այն  փուլային աշխատանք չի պահանջում․ «Օրական կարող ենք արտադրել 3 կտորից բաղկացած 1 հավաքածու, սակայն սկզբի համար դա շատ է։ Այժմ նախատեսում ենք 14 հավաքածու արտադրել, մինչև կհասկանանք, թե ինչքան վաճառք կարող ենք իրականացնել։ Հետո հետզհետե կավելացնենք արտադրության քանակը»։

Համեղ և օգտակար

19-ամյա Անժելա Ձվակերյանը սովորում է Շիրակի պետական համալսարանում, ապագա սոցաշխատող է, որպես կամավոր աշխատել է մի քանի նախաձեռնություններում։ Նա կարծում է, որ համավարակի ընթացքում մեծ ցանկանության դեպքում Գյումրիում հնարավոր է գտնել աշխատանք, սակայն կոնկրետ մասնագիտական աշխատանք գտնելը այդքան էլ դյուրին չէ։ Անժելան

համավարակի ընթացքում կորցրել է աշխատանքը, դիմել է տարբեր հաստիքների, սակայն, ապարդյուն։ Նախաձեռնության մասին լսելով որոշել է իր անձնական փոքր բիզնեսը ստեղծել, որը և՛ համեղ է, և՛ օգտակար։

«Դիմել էի, բայց շատ գիտելիքներ չունեի ոլորտի հետ կապված։ Բայց ընդհանուր միտքն ունեի և ուզում էի այն զարգացնել»,- պատմում է Անժելան՝ նշելով, որ ծրագրի շրջանակներում երկու ամիս դասընթացների մասնակցել, որը օգնել է իր գիտելիքները և ունակությունները։ Այդ ընթացքում մենթորները օգնել են հստակեցնել իր գաղափարը և մշակել ծրագիրը։

Անժելան կարևորում է, որ իր արտադրած շոկոլադի բաղադրիչները լինեն բնական և քիչ շաքարավազ պարունակեն։ Նա մասնավորապես իր շոկոլադների հիմքում օգտագործում է արմավ և դառը շոկոլադ, որոնք ոչ միայն վնասակար չեն առողջությանը, այլև հակառակը՝ անհրաժեշտ են մարդու օրգանիզիմի համար․ «Ես շատ քաղցրակեր եմ ու միևնույն ժամանակ առողջ ապրելակերպի սիրահար՝ սիրում եմ առողջ և գեղեցիկ սնվել։ Եվ միտք առաջացավ համատեղել այդ երկուսը՝ արտադրել շոկոլադ, որը և՛ քաղցր է, և՛ առողջության համար վնասակար չէ և կբավարարի քաղցրի պահանջը»։

Բաղադրատոմսերը Անժելան գտնում է համացանցից, սակայն նույնությամբ չի կրկնում։ Նա ժամեր է անցկացնում խոհանոցում՝ բազմաթիվ փորձեր ու փոփոխություններ կատարելով, ինչից հետո մշակում է իր սեփական բաղադրատոմսը․ «Ինքս եմ կատարում ամբողջ աշխատանքը՝ իմ ճաշակով։ Կարելի է ասել, որ այս շոկոլադներից այլ տեղ չեք կարող գտնել»։

Ծրագրի համար Անժելան նախատեսել է 500 000 դրամ բյուջե, որի շրջանակներում պատրաստվում է գնել շոկոլադի արտադրության համար անհրաժեշտ տեխնիկան և պարագաները։ Սկզբնական շրջանում արտադրությունը կատարվելու է տան պայմաններում, այնուհետև՝ ծրագրի հաջողման դեպքում, Անժելան նախատեսում է ընդլայնել իր փոքր բիզնեսը։ Հիմնական աշխատանքը Անժելան է կատարելու, սակայն, նրա ընտանիքը ևս աջակցելու է նախաձեռնությանը։

Ուսումնասիրելով շուկան՝ Անժելան հասկացել է, որ այս պահի դրությամբ մայրաքաղաք Երևանում նմանատիպ շոկոլադների արտադրություն կա, իսկ Գյումրիում շուկան ազատ է, և ինքն առաջիններից է, որն ունի այդ մտահաղացումը և պատրաստվում է այն իրագործել։ Սակայն, հետագայում կան ծրագրեր նաև շոկոլադները արտահանել Երևան․ «Գյումրիում նմանատիպ պահանջարկ կա։ Կատարել եմ հարցումներ տարբեր հարթակներում, և մարդիկ այստեղ պատրաստակամ են գնել շոկոլադները»։

Չնայած երիտասարդ տարիքին՝ Անժելան փորձում է կատարել բոլոր աշխատանքները մենակ, բայց որոշ դեպքերում ապագա գործընկերները թերահավատությամբ են վերաբերվում նրա տարքին։ Սակայն, նա չի հիասթափվում և չի դադարում փորձել։

Ծրագիրը հաջողելու դեպքում՝ մեկ տարի անց, նա պլանավորում է բացել խանութ և ստեղծել նոր աշխատատեղեր Գյումրիում։ Դա հնարավորություն կտա ապահովել մարդկանց նոր աշխատատեղերով․ «Շատ պարտավորեցնող է, բայց պետք է անել առավելագույնը, որպեսզի ծրագիրը հաջողի և հասնեմ իմ վերջնական նպատակին, որը նախատեսում եմ»։

Այս երկու երիտասարդ կանայք Եվրամիության աջակցությամբ, չնայած COVID-19 համավարակով պայմանավորված ճգնաժամին, փորձում են իրենց առաջին քայլերը կատարել բիզնեսում։ Հաջողության հասնելու դեպքում՝ երկու նախաձեռնություններն էլ նոր աշխատեղեր կստեղծեն Շիրակի մարզում։ Իրենք իրենց հերթին կնպաստեն մարզում աղքատության նվազմանը և թափուր հաստիքների ստեղծմանը։

Հեղինակ: Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Հոդվածը տպագրվել է հայերեն, ռուսերեն և անգլերեն ՝ Aravot.am կայքում