Հայաստանի Եվրոպացի երիտասարդ դեսպաններ
1. Ես լսել եմ երիտասարդ եվրոպական դեսպանների մասին, բայց վստահ չեմ, թե գիտեմ՝ ովքեր են նրանք և ինչ են անում:

Երիտասարդ եվրոպական դեսպաններ (YEAs) նախաձեռնությունը ակտիվ եվրոպական ցանց է, որը միավորում է Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովայի Հանրապետությունը, Ուկրաինան և ԵՄ անդամ պետությունները ներկայացնող 16-ից 26 տարեկան ակտիվ երիտասարդների:

YEAs

Նրանք աշխատում են միասին՝ տարածաշրջանում ԵՄ համագործակցության մասին իրազեկվածության մակարդակի բարձրացման, երիտասարդական քաղաքականությունների մշակմանը նպաստելու և ավելի լավ ապագայի համար:

Երիտասարդ եվրոպական դեսպաններ (YEAs) նախաձեռնությունը հիմնադրվել է 2016թ.-ի հունիսին՝ որպես ԵՄ-ի «OPEN Neighbourhood» ծրագրի շրջանակներում իրականացվող «EU NEIGHBOURS east» («Արևելյան հարևանություն») նախագծի մաս:

2020թ.-ի դրությամբ Արևելյան գործընկերության վեց երկրներում, ԵՄ անդամ 27 պետություններում և Մեծ Բրիտանիայում հաշվվում են ավելի քան 700 երիտասարդ եվրոպական դեպաններ, որոնք ներկայացնում են 34 տարբեր ազգություններ:

Երիտասարդ եվրոպական դեսպանները ուսանողներ են, երիտասարդ մասնագետներ և առաջնորդներ, ովքեր կամավորական հիմունքներով ժամանակ են հատկացնում ու մասնակցում են տարբեր երկրներում և առցանց կարգով անցկացվող հարյուրավոր միջոցառումներին: Սեղմիր այստեղ՝ նրանց ՊՐՈՖԻԼՆԵՐԸ տեսնելու համար:

Երիտասարդ եվրոպական դեսպաններ նախաձեռնությունն իր ցանցի անդամներին առաջարկում է կամավորության, կարիերայի զարգացման և երիտասարդական առաջնորդության հնարավորություններ: Նրանք նպաստում և մասնակցում են.

  • ԵՄ միջոցառումներին, այդ թվում՝ եվրոպական երիտասարդական ֆորումներին, Արևելյան գործընկերության համաժողովներին, ԵՄ ուսումնական այցերին ու սեմինարներին, որոնք ընդգրկում են ամբողջ տարածաշրջանն ու ԵՄ անդամ պետությունները:

  • Փորձագիտական դասընթացներին՝ ԵՄ-ին առնչվող հիմնական թեմաների մասին տեղեկանալով անմիջապես այն փորձագետներից, ովքեր ամենօրյա հիմունքներով զբաղվում են այդ հարցերով, այդ թվում՝ ԵՄ պաշտոնյաները, դիվանագետները, լրագրողները, քաղաքացիական հասարակության և ընկերությունների ներկայացուցիչները:

  • YEA դասընթացներին, որոնք երիտասարդ եվրոպական դեսպաններին նախաձեռնության շրջանակում հնարավորություն են տալիս դառնալ դասընթացավարներ, մենթորներ կամ խորհրդատուներ, որպեսզի նրանք կարողանան սեփական գիտելիքներն ու փորձը փոխանցել իրենց հասակակիցներին:

  • Համայնքային և առցանց միջոցառումներին, ինչպիսիք են՝ զրույցները, սեմինարները, իդեաթոնները, վիկտորինաները, հանդիպումները, դպրոցներ այցելությունները, տոնավաճառները, Եվրոպայի օրերը կամ ինստագրամյան ուղիղ բանավեճերը, առցանց վիճակախաղերը, սոցիալական մեդիա արշավները, վլոգները և այլն:

2. Ի՞նչ օգուտ կքաղեմ ես՝ լինելով երիտասարդ եվրոպական դեսպան:

Լինելով երիտասարդ եվրոպական դեսպան` դու հնարավորություն կստանաս ձեռք բերել նոր երիտասարդ համախոհներ և զարգացնել անձնային հմտություններդ: Կկարողանաս ծանոթանալ քեզ հետ միևնույն գաղափարներն ու հետաքրքրությունները կիսող այլ երիտասարդների հետ՝ քո և այլ երկրներից: Կշրջես ամբողջ երկրում և կշփվես այլ մարդկանց հետ՝ խոսելով Եվրոպական միության, քո երկրի հետ վերջինիս գործընկերության, ինչպես նաև դրա ընձեռած հնարավորությունների մասին: Այս ամենը կօգնի բարելավել քո թիմային աշխատանքի, խնդիրներ լուծելու, առաջնորդական և անձնային հմտությունները: Դրանք կարևոր հմտություններ են, որոնք օգտակար կգտնվեն քո հետագա կարիերայում:

Լինելով ակտիվ հարազատ համայնքում՝ հնարավորություն կստանաս քո ընկերներին, ընտանիքին և երկրին ցույց տալու, թե ինչպիսի միջավայրում ես ցանկանում ապրել: Կկարողանաս հզորացնել քեզ շրջապատող մարդկանց և ազդեցություն ունենալ նրանց կյանքում:

Եվ վերջում, որն ամենակարևորն է, երիտասարդ եվրոպական դեսպան լինելը քեզ հնարավորություն է ընձեռում ձեռք բերել նոր ընկերներ, կիսվել քո գիտելիքներով և փորձով կամ պարզապես բացահայտել ինքդ քեզ ու շրջապատող աշխարհը:

3. Արդյո՞ք ես կվարձատրվեմ իմ աշխատանքի համար՝ որպես երիտասարդ եվրոպական դեսպան:

Մասնակցությունը «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնությանը կամավոր է, և որևէ վարձատրություն նախատեսված չէ:

Երիտասարդ եվրոպական դեսպանների գործունեության կազմակերպումը ֆինանսավորվում է «EU NEIGHBOURS east» ծրագրի կողմից: Այն ներառում է, օրինակ, ինտերակտիվ սեմինարների անցկացման համար այցելությունների կազմակերպումը դպրոցներ և բուհեր, բնապահպանական գործողությունները (օրինակ՝ ծառատունկ), մասնակցությունը արտերկրյա միջազգային միջոցառումներին և այլն:

4. Ես կցանկանայի դառնալ երիտասարդ եվրոպական դեսպան: Ինչպե՞ս կարող եմ դիմել:

Դու կարող ես դիմել, եթե.

  • ԵՄ անդամ պետություններից կամ Արևելյան գործընկերության վեց երկրներից (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովայի Հանրապետություն, Ուկրաինա) որևէ մեկի քաղաքացի ես.

  • 16-ից 26 տարեկան ես.

  • վարժ տիրապետում ես անգլերեն լեզվին.

  • հետաքրքրված ես ԵՄ-ով և վերջինիս ու քո երկրի միջև գործընկերությամբ և համագործակցությամբ.

  • հետաքրքրված ես հանրային դիվանագիտությամբ և տեղեկատվության տարածման գործունեությամբ, պատրաստ ես կիսվելու քո գիտելիքներով, փորձով և տեղեկություններով.

  • մոտիվացված ես հարազատ համայնքիդ և երկրիդ զարգացմանը նպաստ բերելու հարցում.

  • հետաքրքրված ես կամավորական գործունեությամբ և պատրաստ ես էական ժամանակ հատկացնել՝ քաղաքացիական մասնակցության գործողություններում ներգրավվելու նպատակով:

Ընտրության բոլոր չափանիշներն և հաճախ տրվող հարցերին կարող ես ծանոթանալ այստեղ:

Դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել հետաքրքրության արտահայտման նամակ՝ ԼՐԱՑՆԵԼՈՎ ԿԱՐՃ ՁԵՎԱԹՈՒՂԹՆ այստեղ:

Այն ստանալուն պես, ԵՄ-ում և Արևելյան գործընկերության բոլոր վեց երկրներում տեղակայված մեր տարածաշրջանային և ազգային ներկայացուցչությունները կապ կհաստատեն քեզ հետ ու կներկայացնեն քո հաջորդ քայլերը:

Դիմումի ներկայացման գործընթացն, ընդհանուր առմամբ, բավականին պարզ է և բաղկացած է դիմումային փաթեթի լրացումից, կարճ թեստից, ազգային ներկայացուցչությունների (National Focal Ponit) հետ անմիջական կապի հաստատումից և նախաձեռնության միջոցառումներին ակտիվ մասնակցությունից:

Նոր հայտադիմումների ընդունելությունը մենք կատարում ենք տարեկան չորս անգամ՝ յուրաքանչյուր եռամսյակի ավարտին, բայց դու արդեն իսկ կարող ես գրանցվել որպես թեկնածու:

Եվ հենց որ երիտասարդ եվրոպական դեսպան դառնալու գործընթացի մաս կազմես, կառաջադրվես որպես մենթոր:

5. Ինչպե՞ս են ընտրվում երիտասարդ եվրոպական դեսպանները:

Երիտասարդ եվրոպական դեսպան դառնալու համար հարկավոր է հետևողական լինել ամբողջ գործընթացին: Առաջին փուլը երիտասարդ եվրոպական դեսպան դառնալու վերաբերյալ սեփական հետաքրքրությունն արտահայտելն է: Դրանից կարճ ժամանակ անց քո երկրի ազգային ներկայացուցիչները (National Focal Points) կապ կհաստատեն քեզ հետ: Այնուհետև հարկ կլինի անցնել ստուգման ընթացակարգով, որը բաղկացած է մենթորային ծրագրից և դիմումային փաթեթի լրացումից, ինչպես նաև թեստից: Վերջինն առաջադրման փուլն է: Այս փուլում, «EU NEIGHBOURS east» ծրագրի կողմից գնահատվելուց զատ, քո թեկնածությունը վերլուծելու և հաստատելու են մի շարք շահագրգիռկողմեր, ինչպիսիք են՝ քո երկրում ԵՄ պատվիրակությունն ու Եվրոպական հանձնաժողովը: Կարող է թվալ, թե գործընթացը ժամանակատար է, բայց իրականում ամեն ինչ ավելի հեշտ է:

Երիտասարդ եվրոպական դեսպանների նոր թեկնածուները հաստատվում են տարեկան չորս անգամ՝ յուրաքանչյուր եռամսյակի ավարտին: Քո անձնական հայտի քննարկման գործընթացի տևողությունը կախված է ցուցաբերածդ առաջընթացից, ինչպես նաև այն հանգամանքից, թե տարվա որ հատվածում ես դիմում ներկայացրել: Այն կարող է տևել մեկ ամսից մինչև առավելագույնը երեք ամիս:

6. Քանի՞ երիտասարդ եվրոպական դեսպան կա Հայաստանում: Ի՞նչ բնույթի գործունեությամբ են նրանք զբաղված եղել այս ընթացքում:

Հայաստանում գործում են 59 երիտասարդ եվրոպական դեսպաններ: Սեղմիր այստեղ՝ նրանց հետ ծանոթանալու համար:

Մինչ օրս, երիտասարդ եվրոպական դեսպանները Հայաստանում կազմակերպել և մասնակցել են շուրջ 70 քաղաքացիական մասնակցության միջոցառումների: Օրինակ՝ հայաստանցի երիտասարդ եվրոպական դեսպաններն այցելել են երկրի տարբեր մարզեր, հանդիպել են տեղի երիտասարդների հետ և նրանց են ներկայացրել ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող այն հնարավորությունները, որոնցից նրանք կարող են օգտվել: Միևնույն ժամանակ, դեսպաններն այդ երիտասարդներին օգնել են գտնել, դիմել և հաջողության հասնել նշված ծրագրերում:

Մյուս միջոցառումները հետևյալն են.

  • այցելություններ դպրոցներ և համալսարաններ՝ ԵՄ-ի ու երիտասարդների համար նրա ընձեռած հնարավորությունների մասին իրենց գիտելիքներով կիսվելու նպատակով.

  • բնապահպանական միջոցառումներ.

  • միջազգային և հանրային դիվանագիտության միջոցառումներ.

  • սոցիալական հիմնահարցեր:

Այստեղ նրանց կարող եք տեսնել ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ:

7. Ես չեմ կարող միանալ երիտասարդ եվրոպական դեսպաններին, սակայն կցանկանայի մասնակցել նրանց գործողություններին. արդյո՞ք դա հնարավոր է:

ԱՅՈ: Նույնիսկ եթե դու երիտասարդ եվրոպական դեսպան չես, կարող ես մասնակցել նրանց կազմակերպած միջոցառումներին: Հետաքրքրե՞ց: Եթե այո, ապա ստորև ներկայացնում ենք այն տարբերակները, որոնց միջոցով կարող ես հետևել նորություններին.